ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հայաստանյան ժողովրդավարության միֆը

Հայաստանյան ժողովրդավարության միֆը
01.07.2024 | 16:00

Ժողովրդավարությունը Հայաստանում նույնն է, ինչ նավահանգիստը՝ Սահարայում: Ով ունի քաղաքական կամք և անաչառություն, սա տեսնում է, և կապ չունի՝ Հայաստանու՞մ է ապրում, թե՞ դրսերից «ողջունում» է Փաշինյանի «բաստիոնը», որովհետև այն, ինչը ներկայացվում է որպես ժողովրդավարություն, ոչ այլ ինչ է, քան իրականության «կացնային» նենգափոխում:

Օրինակ, Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ Փաշինյանը հայտարարում է, թե «ընտրությունների կեղծիք», «ընտրությունների արդյունքների կեղծել» արտահայտություններն արդեն պատմական ժանրին է վերագրված ՀՀ-ում»: Նույն հաջողությամբ ես կարող եմ հայտարարել, որ Բոռնեո կղզու նահանգապետն եմ, բայց քանի որ այդ պահին չկա մեկը, ով ուզում է լսել ճշմարտությունը կամ հակաճառել, ինձ կծափահարեն, մրցանակներ կտան կամ կողջունեն՝ ինչպես իրական նահանգապետին: Այստեղ նույնիսկ իրականությունը կարևոր չէ, այլ բառախաղը և փաստերի մանիպուլյացիան: Այո, Հայաստանում ընտրությունների արդյունքներն առերևույթ չեն «նկարվում», բայց դրանք հիմա ուղղակի արհամարհվում են:

Վերցնենք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Ամենացայտուն օրինակը Երևանի ավագանու ընտրությունն էր, որի արդյունքում քաղաքապետ ընտրվեց նվազագույն ձայներ հավաքած թեկնածուն, որովհետև նրա շուրջ «ձևավորվեց» համանման մարգինալների ինչ-որ կոալիցիա:

Մյուս ակնառու օրինակը, որ Հայաստանում ընտրությունների արդյունքներն ուղղակի ոչ մի նշանակություն չունեն, այն է, որ ցանկացած ընտրված թեկնածու, եթե չի համապատասխանում իշխող քաղաքական թիմի քիմքին, կա՛մ ենթարկվում է քրեական հետապնդման, կա՛մ հետընտրական պրոցեսներում այնպիսի ինտրիգներ են կիրառվում, որ համայնքի ղեկավարի ընտրության ժամանակ ավագանու ընտրված անդամները չեն կարողանում ազատ քվեարկել, նրանց ստիպում են քվեարկել այլ թեկնածուի օգտին և այլն:

Եթե ընդհանրացնենք, ապա գործ ունենք ընտրական օրենսգրքի, դրա նախանշած գործընթացների թերության հետ, երբ քվեարկությունը զուտ լեգալացնում է քվեարկությանը հաջորդող՝ կոնկրետ անձի ընտրությունը: Հենց դա է պատճառը, որ, գալով իշխանության, Փաշինյանը խոստացավ փոխել ընտրական օրենսգիրքը, բայց մինչև հիմա ընտրվում ու ընտրում է հնով:

Դիտարկենք նաև խորհրդարանական ընտրությունների պարագան:

Խորհրդարանական ընտրությունների ժամանակ քաղաքացին պետք է կողմնորշվի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրով: Հայաստանում, 2018 թվականից հետո, դա կրում է առավել ձևական բնույթ, քան երբևիցե եղել է: Փաշինյանի քաղաքական թիմը երկու անգամ (2018 և 2021 թ.թ.) ընտրվել է մի քաղաքական ծրագրով, բայց իրականացրել է տրամագծորեն հակառակ քաղաքականություն: Ընդ որում, դա վերաբերում է ծրագրի ոչ միայն արտաքին քաղաքական, այլև՝ ներքաղաքական, սոցիալական և այլ բաղադրիչներին: Այսինքն, քվեարկության արդյունքները կեղծելու խնդիր արդեն չկա, որովհետև պոստֆակտում կարելի է կեղծել կամ փոխել դրանց բովանդակային բաղադրիչը, նենգափոխել կամ այլ կերպ մեկնաբանել դրանք: Նիկոլ Փաշինյանը հենց դա է անում, երբ ցուցադրում է միայն ընտրություններում հավաքած ձայների քանակը՝ որպես լեգիտիմության չափանիշ կամ գործողությունների ինդուլգենցիա: Եվ երբ Փաշինյանը հայտարարում է, թե ընտրակեղծիքներն արդեն անցյալում են, գործ ունենք հենց բառախաղի և փաստերի կամայական մեկնաբանության հետ, որի մասին նշեցինք վերևում:

Այլ բան է, որ Փաշինյանի հավաքած դահլիճում միայն նրանք են, ովքեր կա՛մ թելադրում և ողջունում են այդ գործելակերպը, կա՛մ լուռ համաձայնում են դրա հետ՝ կորպորատիվ կամ նոմենկլատուրային շարժառիթներով:

Ահա այսպիսի ժողովրդավարություն:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 1691

Մեկնաբանություններ